Նստած նայում եմ կարոտով իմ ալևոր Մասիսին,
Իմ պապերի պապերի սար, իմ վիրավոր Մասիսին,
Միտք եմ անում, թե պապերիս ի՞նչ պատասխան պիտի տամ,
Երբ որ զարթնեն՝ գերի տեսնեն կալանավոր Մասիսին:
Քրիստոսին խաչող Հուդան վերածնվի՝ կխաչեմ,
Մեղք կա՝ դարեր էլ հնանա՝ չի փրկվի՝ կխաչեմ,
Իմ սուրբ ցեղի եղեռնողի մեղացն ամ ու ժամ չկա,
Հազար տարվա իր սև մեղքն էլ ով չքավի՝ կխաչեմ:
Ինչ որ մերն էր, հավատացեք, նորից մերը կլինի,
Հայոց թագը՝ Մասիսն ի վեր՝ նորից վերը կլինի,
Շիրազ, քո սուրբ խենթությունն էլ, սուրբ մարգարե կդառնա,
Ատելությունն՝ աշխարհից դուրս, ներսում սերը կլինի: